Թեեւ Վրաստանի տարածքում վնասված գազատարը արդեն մի քանի օր է վերանորոգվել է, սակայն գազը Հայաստան դեռ չի մտնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանից: Նրա խոսքով, վրացական կողմը դա բացատրում է նրանով, որ գազատարի վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն հայ մասնագետները տեղեկացնում են, որ 10 օր է այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր դեռեւս ապրիլի 29-ին, որի պատճառը Վրաստանի Կազբեկի շրջանի լեռներում տեղի ունեցած սողանքն է, որը վնասել էր գազատարը: Թեեւ վրացական կողմը խոստացել էր, որ գազատարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2-3 օրվա ընթացքում, այսինքն՝ մայիսի 1-ին, սակայն մինչ օրս գազատարը չի գործում:
Շ. Սարդարյանը նշել է, որ գազատարի վթարի օրվանից «Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է անխափան, առանց սահմանափակումների` պահեստավորված պաշարների հաշվին» եւ որեւէ խնդիր այս օրերին չի առաջացել:
Հարցին, թե դեռ քանի օր Հայաստանին կբավականացնի պահեստարանի գազի պաշարը, «Հայռուսգազարդ»-ի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ դեռ պաշարները բավարարում են, իսկ ծայրահեղ դեպքում կարող են գործարկել նաեւ իրանական գազամուղը:
NEWS.am-ը փորձեց այս խնդրի վերաբերյալ տեղեկություն ստանալ Վրաստանի դեսպանատնից, սակայն դեսպանորդը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց նման հարցերով պետք չէ զանգել: Իսկ Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի հետ կապվել չհաջողվեց:




























