Ավստրիական ավիաուղիների ամսագրում լույս է տեսել Հայաստանին նվիրված հատուկ հոդված:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 10-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ու մասնակցությամբ «Austrian Airlines Skyline» ամսագրում լույս է տեսել Հայաստանին նվիրված հատուկ հոդված, որն ամսագրի այդ համարի հիմնական հոդվածն է:
Գերմաներեն եւ անգլերեն տարբերակներ ունեցող հոդվածում ներկայացվում է Հայաստանը՝ իր պատմական եւ մշակութային դիմապատկերով: Հայաստանը հոդվածում ներկայացված է որպես հարուստ պատմական, մշակութային եւ կրոնական ավանդույթներ ունեցող երկիր:
Հիշեցնենք, որ մինչ այդ հիշյալ ամսագիրը իր համարներից մեկում հրապարակել էր Հայաստանից մի լուսանկար, որտեղ պատկերված էր Ջերմուկի ճանապարհը ցուցադրող ճանապարհային նշանը՝ ծռմռված ու ժանգոտած վիճակում։ Հայաստանում իրավացի բողոք էր բարձրացել հրապարակված այդ լուսանկարի դեմ, որը չգիտես որտեղից էր հայթայթվել եւ վարկաբեկում էր մեր երկիրն ու հարված հասցնում նրա զբոսաշրջային վարկին։ Նախ ամսագրի խմբագրությունը չքմեղացել էր, թե իրենք լուսանկարը պատահական են ընտրել, այնուհետեւ խոստացել էր իր առաջիկա համարներից մեկում մանրամասն անդրադառնալ Հայաստանին։ Այդ նպատակով նաեւ Հայաստան այցելեց ամսագրի գլխավոր խմբագիրը՝ անձամբ տեսնելու ու ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին։




























