Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է, սակայն ավելի անհանգստացնող է մեկ այլ, հոգեբանական պատճառ, այն է՝ սեփական ազգից ու պետությունից օտարված լինելու զգացողությունը։ Այս զգացողությունն էլ ածանցյալն է տեւական ժամանակ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ օտարումի։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, մեկնաբանելով հայաստանցիների ահագնացող արտագաղթի հոգեբանական գործոնները։

Նա նշեց, որ արտագաղթն այսօր Հայաստանի առջեւ կանգնած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, որը չտեսնելու տալ չի կարելի։ «Ինձ համար կարեւոր չէ թվեր հրապարակելը, պետք է աչքեր ունենալ տեսնելու համար, եւ ականջներ՝ լսելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ չափերի է հասել արտագաղթը», - ասաց նա։

Ըստ մասնագետի, մարդկությանը միշտ բնորոշ է եղել տեղաշարժը, եւ օտար երկրները միշտ էլ ձգել են մարդկանց։ Նալչաջյանը մեջբերեց Տերյանի խոսքերը, որն ասում էր. «Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ»։ «Այսինքն, հեռավոր երկրների մեջ միշտ որոշակի հմայք կա», - ասաց նա։ Բայց կա նաեւ խնդրի երկրորդ կողմը, կարոտախտը։ «Հայրենիքի կարոտն ապրող մարդը չի կարող հոգեպես բավարարված, հոգեպես լիարժեք մարդ լինել։  Հեռանալը հարցի մի կողմն է, նոր երկրում հարմարվելը, ինքդ քեզ գտնելը՝ հարցի մյուս կողմն է», - ասաց հոգեբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են գնում մարդիկ, նա նշեց, որ, առաջնայինը սոցիալ-տնտեսական պայմաններն են, սակայն «մենք ականատեսն ենք այն բանի, որ հեռանում են նաեւ նյութապես ապահովված մարդիկ, եւ այստեղ խնդիրը շատ խորքային է»։

Կ. Նալչաջյանը նշեց, որ կան մարդկային որոշակի պահանջմունքներ, որոնք պետք է բավարարվեն այնտեղ, որտեղ մարդն ապրում է։ Մարդն այդտեղ իրեն հոգեբանորեն հարմարավետ պետք է զգա, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա «առաջին հակազդումներից մեկը փախուստի հակազդումն է»։

«Մենք տեսնում ենք, որ հեռանում է ինչ որ մեկը, որը պիտի որ իրեն հարմարավետ զգար, որովհետեւ կարիքը չի խեղդում, ունի որոշակի բարեկեցության մակարդակ։ Այստեղ արդեն խնդրի ավելի անհանգստացնող կողմն է կանգնում,  սա արդեն հոգեբանորեն սեփական ազգից, սեփական պետությունից օտարված լինելու զգացողությունն է։ Այսինքն հեռանում են սեփական ազգից, էթնոսից օտարվածները», - ասաց նա։

Ըստ մասնագետի, շատ խոսուն են այն կայունացած արտահայտությունները, որոնք հեռացողը դրոշակի նման վերցնում ու գնում է. «երկիրը երկիր չի», «ապրելու տեղ չի», «չկա հեռանկար երիտասարդների համար» եւ այն։ 

«Տարիներ շարունակ այնքան օտարում եղավ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եւ սա տարիներ է տեւել, խոսքը ոչ միայն ներկա իշխանության մասին է։ Եվ այդ ընթացքում իշխանություն, ազգ, պետություն հասկացությունները մի տեսակ միաձուլվել են։ Մարդիկ գոհ չեն տվյալ պահի իշխանություններից, եւ միանգամից դժգոհությունն ու վարկաբեկումները արտացոլվում են ազգի վրա, պետության վրա», - ասաց մասնագետը, շեշտելով, որ սա «սեփական ազգից օտարված լինելու զգացողությունն է, որը մեծագույն կորուստ է»։

Դիտարկումները ցույց են տալիս, որ եթե առաջ մարդիկ ավելի շատ գնում էին հենց հացի խնդիրը լուծելու համար, ապա այսօր շատերը գնում են հիասթափված եւ սպասելիքներ չուենալու պատճառով։ «Մի տեսակ հավատի ու վստահության դեֆիցիտ կա այսօր, եւ դա շատ լուրջ պատճառ է հայրենիքը թողնելու եւ հեռանալու համար», - ասաց նա։