Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ քննարկում է կազմակերպվել Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրով մտահոգված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր նախարարի հետ մայիսի 13-ի հանդիպման ժամանակ իրենց մտավախությունն էին հայտնել առ այն, որ Սեւանա լճից կառավարության որոշմամբ լրացուցիչ ջուրը բաց է թողնվում ոչ միայն ոռոգման, այլ նաեւ էներգետիկ նպատակներով:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Մասնավորապես, բնապահպան ակտիվիստների մոտ ենթադրություն կար, որ 5 տարով յուրաքանչյուր տարի լրացուցիչ 70 մլն խ/մ ջուրը բաց է թողնվում Ռուս-Հիդրո ՓԲԸ-ի կողմից նույն ժամանակահատվածով Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վերակառուցման նպատակով Ասիական զարգացման բանկից ստացած 25 մլն ԱՄՆ դոլար վարկը փակելու նպատակով: Խնդիրը պարզաբանելու նպատակով Բնապահպանության նախարարությունում հանդիպում էր կազմակերպվել Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանի, «Հասարակական պաշտպանների միավորում» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանի, «Ռուս Հիդրո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Արման Մխիթարյանի, Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների միջեւ:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է, որ Սեւանը մեկն է եւ նրա խնդիրը բոլորինս է. «Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների եւ ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միեւնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից եւ անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու եւ պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»:
ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը եւ ներկայացրել իրենց մտահոգությունը: «Ռուս Հիդրո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Արման Մխիթարյանը հիմնավորել է, որ Սեւանից ջրի լրացուցիչ բաց թողնումը կապ չունի Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման ծրագրի հետ: Բանախոսը տեղեկացրել է, որ կասկադի 7 ՀԷԿ-երից միայն երկուսն է կառուցված Սեւանից ոռոգման նպատակով ջրառի ուղու վրա: Իսկ համակարգի արդիականացումը օրախնդիր է, քանի որ այն չի արվել սկսած նախորդ դարի 30-ական թվականներից:
Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ հիմնավորել է, որ պետությունը ստիպված է գնացել Սեւանա լճից լրացուցիչ ջրառի, քանի որ եղանակային պայմաններից ելնելով, այս տարի սակավաջուր է եղել:
Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիրը որոշակիորեն պարզաբանվել է, վեր են հանվել նաեւ այլ բնապահպանական հարցեր եւս եւ առաջարկություն է հնչել հետագայում նույնպես անցկացնել նման աշխատանքային քննարկումներ հասարակական կազմակերպություններին հետաքրքրող այլ խնդիրների վերաբերյալ:
Եզրափակելով հանդիպումը` Արամայիս Գրիգորյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին համագործակցության պատրաստակամության համար եւ ընդգծել, որ հանրապետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրները պետք է լինեն բոլորի ուշադրության կենտրոնում եւ լուծվեն նրանց ջանքերի մեկտեղմամբ»:




























