Միանգամից չի կարելի ազատականացնել փոքր ՀԷԿ-երի շուկան, հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունն արդեն ներկայացվել է խորհրդարանի դիտարկմանը, բայց ազատականացումն, այնուամենայնիվ, պետք է անել աստիճանաբար:
«Միանգամից չի կարելի փոքր ՀԷԿ-երը շուկայական սակագնի դուրս բերել, քանի դեռ բիզնեսը իր ներդրումները չի վերականգնել: Հակառակ դեպքում, քանի որ բաշխիչ ընկերությունը մեկն է, այն կարող է ցանկանալ նրանց էլեկտրաէներգիան գնել բարձր սակագնով, կարող է եւ չցանկանալ:
Հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչպես հանել շինարարության ծախսերը», - հայտարարել է Մելքումյանը:
Հիշեցնենք, մայիսին ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել էր «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ինչպես այժմ, փոքր ՀԷԿ-երը կկարողանան էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին («Հայաստանի էլեկտրացանցեր») վաճառել սահմանված սակագնով`15 տարի ժամկետով: Ժամկետը լրանալու պահին (շատ փոքր ՀԷԿ-երի ժամկետը լրանում է 2014 թ. հունիսին) նախատեսված է երկամյա անցում` մինչեւ 2016 թ. հուլիսի 1-ը: Մինչ այդ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կառավարության հետ քննարկի վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի վաճառքի մասնակի ազատականացման պայմանները:
Նշենք, որ փոքր ՀԷԿ-եր սկսել էին կառուցել 1999-2000 թթ., դրանցից շատերը պատկանում են խոշոր գործարարների եւ պատգմավորների: Դրանց տարածմանն օգնել է առանց ՀՆԱ-ի 17,2 դրամ առավելագույն սակագինը: Համեմատության համար` այլ ՀԷԿ-երի համար սակագինը (Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադ) 0,8 եւ 6,8 դրամ է:





























