Լուցկին մի տհաճ հատկություն ունի. վառելիս հաճախ բռնկված մի մասնիկ պոկվում եւ թռչում է  անկանխատեսելի ուղղությամբ (ինչպես մանրիկ երկնաքար): Մեզ մոտ վաճառվող լուցկիները (տե՛ս լուսանկարում)  ամբողջությամբ, անգամ չափից շատ  ունեն այդ հատկությունը:

Այդ լուցկիների համար ծծումբն ակնհայտորեն չեն խնայել, ուստի դրանցից ոչ թե մանրիկ, այլ բավական «կերած-խմած երկնաքար» է պոկվում: Եթե այն, ասենք, ընկնում է հագուստին, հեշտությամբ կարող է այրել գործվածքը: Ավելի լուրջ հետեւանքներ կարող են լինել դրանք բենզալցակայաններում կամ գազալցակայաններում օգտագործելիս:

Առաջին հայացքից պարզ լուցկին իրականում պատրաստման բարդ  գործընթաց է անցնում: Մատնանշենք միայն այն մասը, որը կապ ունի թեմայի հետ.  ծխալուց խուսափելու համար այն թաթախվում է ֆոսֆորաթթվի լուծույթում:

Հայտնի չէ, արդյոք վերոնշյալ լուցկիները ենթարկվել են այդ գործընթացին: Սակայն հանգնելուց հետո էլ դրանք բավական երկար մխում են: Ուստի խորհուրդ չենք տալիս հանգցնելուց հետո իսկույն լուցկին աղբարկղը նետել, քանի որ դյուրավառ նյութերը կարող են բռնկվել: