Հունիսի 14-ին, շաբաթ օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Այս առիթով է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը պատասխանել է «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթի հարցերին:

Պարոն Բալասանյան, ի՞նչ տվեց ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական հանդիպումը։

-Ցանկացած հանդիպում ունի իր դրական կողմերը։ Բացի պաշտոնական, արարողակարգային հանդիպումներից, ես կարեւորում եմ հատկապես անհատական շփումները, որոնք ավելի արդյունավետ են լինում։ Միջխորհրդարանական եւ առավել եւս կուսակցական ու անհատական շփումները միշտ բերում են դրական լուծումների։ Ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ բոլորն էլ մտահոգ են արցախյան կարգավորման հարցով։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանձնաժողովի նիստից։

Ակնկալիքներն ունենալն անիմաստ է, եթե չանենք գործնական քայլեր։ Բերեմ մի քանի օրինակներ, թե ինչպես մենք խոսքից անցանք գործնական քայլերի, դրանց մի մասը մեզ կյանքն ու ժամանակահատվածը թելադրեցին։ Երբ 1988թ. արցախահայությունը, ելնելով եւ առաջնորդվելով միջազգային իրավունքի, ԽՍՀՄ Սահմանադրության ու օրենքների նորմերով բարձրացրեց ինքնորոշման, Հայաստանի վերամիավորման հարցը մեզ պատերազմ պարտադրվեց։ Հայությունը ստիպված էր իր գլխավոր խնդիրը՝ ֆիզիկական անվտանգության հարցը լուծելու համար անցնել պաշտպանության։ 90-ականների սկզբին հայությունը կարողացավ ստեղծել ռազմական իշխանություն, որն էլ իր առջեւ դրված խնդիրը կատարեց: Իսկ քաղաքական իշխանությանը թե ինչքանով հաջողվեց ի կատար ածել իր առջեւ դրված խնդիրները, թողնում եմ ժողովրդի եւ պատմության գնահատականին:

Պատերազմի ժամանակ Դուք, լինելով Արցախի կարեւոր ուղղություններից մեկի՝ Ասկերանի շրջանի հրամանատար, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա վիճակը, երբ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղյան հարցը լուծել ուժային ձեւով՝ պատերազմի միջոցով: Նախիջեւանյան վերջին միջապեդերից հետո Ադրբեջանը սպառնում է «Սմերչ» կայաններով նույնիսկ Երեւանը հրթիռակոծել:

Այս ամենը մեզնից բացի պետք է մտահոգի նաեւ միջազգային հանրությանը, նամանավանդ Իրանին եւ Ռուսաստանին: Այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանն անընդհատ իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ կատարվող գործողություններին, խոսում արձակված ֆոսֆորային հրթիռների մասին: Այնինչ, երբ Ղարաբաղի  ողջ տարածքն էր հրթիռակոծվում թե՛ «Գրադ» կայանքներից, թե ավիացիայից այդ նույն ֆոսֆորային եւ կասետային ռումբերով (որոնք, ի դեպ, Ադրբեջան էին մատակարարվել Ուկրաինայի կողմից), միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանը, լուռ հետեւում էին, թե ինչպես է հրթիռակոծվում մեր փոքրիկ երկիրը, որի պատկանելիությունը մեզ թե իրավական, թե պատմական առումով կասկած չի հարուցում: Մենք  մեզ պարտադրված պատերազմում գծեցինք մեր պետական սահմանները, այնպես, ինչպես աշխարհի բոլոր պետություններն են գծել իրենց սահմանները:

Այսօր արցախահայությունը շատ ծանր է տանում Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում եւ այլուր քաղաքացիական բնակչության դեմ կատարվող գործողությունները: Ես գտնում եմ, որ վաղուց երրորդ համաշխարահային պատերազմն է սկսել: Քանի դեռ շուտ է՝ միջազգային համախմբում է հարկավոր այս ամենի վերջակետը դնելու համար: Ցանկացած պատերազմ ունի սկիզբ եւ ավարտ եւ ցանկացած հարց կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նշեմ, որ պատերազմը միայն նրանց իշխանություններն են ցանկանում: Ադրբեջանի բազմաէթնիկ ժողովուրդը երբեք պատերազմ չի ցանկացել ու չի ցանկանում: Մենք ապրել ենք կողք կողքի ու լավ գիտենք միմյանց: Ազերիները միշտ էլ ազգային փոքրամասնություններին են քաշել պատերազմի մեջ, արդյունքում շահել են միայն ազերիները:

Պատերազմի դեպքում մեր հաղթանակը կլինի վերջնական, Ադրբեջանը կկապիտուլացվի: Մեր սխալն է, որ այսօրվա մեր սահմանները չեն ձգվում պատմական Կուր-Արաքս-Իրան սահամներով: Ու փոխանակ դրա համար ադրբեջանական իշխանությունը մեզ շնորհակալ լինի, դեռ հոխորտում է պատերազմով: Հավանաբար 1990-ականների դասը լավ չեն յուրացրել:

Ստեղծվում է Եվրասիական միություն, միջնորդներն ավելի հաճախ են խոսում մադրիդյան սկզբունքների մասին: Այս պարագայում, կապված աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետ, ի՞նչ պետք է անեն երկու հայկական պետություններն Արցախի խնդրի հետ կապված:

Դեռեւս 2005թ. ես տեղյակ էի միջնորդների առաջարկների մասին, որոնք այսօր հայտնի են մադրիդյան սկզբունքներ ընդհանուր անվամբ: Ես պարտավոր էի բարձրաձայնել դրանց մասին եւ, օգտվելով այն ժամանակ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընձեռած հնարավորություններից, այս մարտահրավերների մասին տեղյակ եմ պահել ժողովրդին՝ կոչ անելով անել ամեն ինչ, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն: Հուսով եմ, որ դրանք երբեք կյանքի չեն կոչվի: Դրանք վտանգավոր սկզբունքներ են, որոնք կբերեն ավելի մեծ բարդությունների: Արցախյան կողմի համար անընդունելի են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկայիս խեղված ձեւաչափը եւ մոտեցումները: Անհրաժեշտ է Արցախի մասնակցությամբ մշակել կարգավորման նոր սկզբունքներ՝ լինեն դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, թե դրանցից դուրս: Արցախի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի համար անվտանգության երաշխիքների ապահովումը, այդ թվում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես անվտանգության ապահովման ժամանակակից մեխանիզմ:

Հրատապ եմ համարում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմավարական դաշինքի ձեւավորման մասին միջպետական պայմանագրի ստորագրումը: Հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ միաժամանակ միջազգային այլ դերակատարների օգնությամբ տարածաշրջանի պետությունների միջեւ ուժի կիրառումը բացառող պայամանգիր ստորագրել: Այս քայլերը կնպաստեն զինադադարի ռեժիմի պահպանմանը եւ ամբողջ տարածաշրջանում հակամարտ բոլոր կողմերից կրակի դադարեցմանն ուղղված գործունեության իրականացմանը:

Հայաստանի, Արցախի ժողովուրդը եւ սփյուռքահայությունը ժամանակին մեծ կորուստներ է ունեցել, հարկավոր է վեր կանգնել անձնական, կուսակցական ամբիցիաներից, համախմբվել, լինել միակամ եւ վստահ եմ, որ կյանքի կկոչվեն մեր ազգային նպատակները: Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին նպաստել որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կնքվի ռազմաքաղաքական դաշինքի մասին միջպետական պայմանագիր՝ որպես առաջին քայլ: