Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը՝ հավելելով, որ այդ մասին է վկայում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը:

«Սա միջազգային չափանիշներին համահունչ իրավական կարգավորում է: Միջազգային փորձն էլ վկայում է, որ հաճախ պատմական հուշարձանների ճանաչվածությունը բարելավվում է հենց մեծարժեք մշակութային միջոցառումների, մեծամասամբ դասական երաժշտության համերգների շնորհիվ: Այս առնչությամբ, կարծում եմ, Գառնի տաճարում կազմակերպված համերգը, եթե դա իսկապես մշակութային գլուխգործոց է, ինքնին խոցելի չէ, անհասկանալի է մնում այդ համատեքստում «ճաշկերույթը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին «ընտրյալների խնջույք» էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Տեմպ վենչուրս» ընկերությունը, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ, կայացել էր մրցույթ, վերջում էլ ֆուրշետ:  Սակայն, ըստ մամուլի, կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային  հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:

Հունիսի 18-ին էլ Կենտրոնական բանկն է «խնջույք» արել: Այս անգամ վարձակալել  են Գառնիի հեթանոսական տաճարը: Վարձակալման վճարը ոչ ավել, ոչ պակաս 1 մլն դրամ է: Ամենայն հավանականությամբ, միջոցների ավելի լավ տնօրինում չի գտնվել: