Եթե հաշվի առնենք վերջին ուկրաինական իրադարձությունները, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում առկա լարվածությունը, ապա միակ դրական երեւույթն այն է, որ այդչափ գլոբալ գործընթացները ոչ մի կերպ չարտացոլվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի վրա: Այդ մասին հունիսի 19-ին մամուլի ասուլիսին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ դա հայկական կողմի համար չափազանց դրական գործոն է: «Մենք պետք է հասկանանք, որ տվյալ պահին երեք համանախագահների ձեւաչափը այն ձեւաչափը չէ, որը կորոշի ղարաբաղյան հարցը, սակայն այն ձեւաչափն է, որը ապահովում է, հնարավոր է ձգձգված, սակայն արդեն երկու տասնամյակ բանակցային գործընթացի շարունակությունը», - նշեց Մինասյանը:

Անդրադառնալով պատերազմի վերսկսման վտանգին՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին գործողություններն ու մեսիջները՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ գործընթացները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենաանհավանական եւ անկանխատեսելի իրադարձություններ կարող են պատահել: «Ռուսաստանը մեծ քաղաքակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ, բնականաբար, դա դժվար է հասկանալ բարոյական տեսակետից: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում Հայաստանին եւ փաստացիորեն Լեռնային Ղարաբաղին է զենք մատակարարում, ինչը թույլ է տալիս ապահովել շփման գծում հավասարակշռությունը», - ընդգծեց քաղաքագետը:

Ռուսական կողմը, նրա կարծիքով, չի ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում: «Քանի որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված պետք է լինի ընտրություն կատարել իր կարեւոր տնտեսական եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի եւ ռազմավարական դաշնակից Հայաստանի միջեւ: Չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմի որեւէ վտանգ կա: Շփման գծում շարունակվում են պարբերական բախումները, ցավոք, կլինեն զոհեր, սակայն դա այն գինն է, որը մենք վճարում ենք, որպեսզի ավելի խոշոր ռազմական գործողություններ չլինեն», - ընդգծեց Սերգեյ Մինասյանը: