Հայաստանում ծրագրում են չեղյալ հայտարարել հարկային պարտքերի դեպքում բանկային հաշիվների ամբողջական կալանքը: «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հունիսի 19-ին խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Օրինագծի համաձայն, պետությունն իրավունք ունի կալանք դնել հարկային պարտքի չափով միայն: Որոշումը, որտեղ չի լինի կալանքի հստակ գումարը, անվավեր կհամարվի:
Օրենքում փոփոխություններն առաջարկվել են, քանի որ ներկայում բանկերը, ղեկավարվելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով, չեն կարողանում հարկային մարմիններին սուբյեկտների բանկային հաշիվների վիճակի մասին տեղեկություններ փոխանցել: Օրենքում փոփոխությունները կալանքի գումարի հստակ սահմանափակումներ են մտցնում:
Առաջնահերթ կարգով կալանքի տակ են վերցվելու հայկական դրամով ընթացիկ հաշիվների գումարները, արտարժույթով ընթացիկ հաշիվների գումարները, դրամով դեպոզիտային հաշիվների գումարները, արտարժույթով դեպոզիտային հաշիվների գումարները: Հաշվեհամարներում միջոցների անբավարարության դեպքում բանկերը պարտավոր են սառեցնել նաեւ հետագա միջոցները, բայց միայն հարկային պարտքերի գումարի սահմաններում:
Բանկային հաշիվների կալանքի մասին որոշումը չի տարածվում այն գումարների վրա, որոնք պետք է փոխանցվեն բյուջե (եթե հաշիվները չեն դարձել բանկային գրավ): Հաշիվների սառեցումը կատարվելու է էլեկտրոնային կարգով:
Սառեցված սեփականությունը հանվում է կալանքից, եթե հարկատուն մարում է պարտքը կամ հարկային մարմինների հետ մարման ժամանակացույց է կազմում:





























