Խորհրդարանը սկսել է փոքր բիզնեսի համար հարկերի թեթեւացման օրինագծերի փաթեթի քննարկումը: Օրինագիծը հունիսի 19-ին ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում: Կառավարությունն առաջին անգամ այդ մասին խոսել  էր 2012-ի ապրիլին:

Մասնավորապես, նախատեսվում է  հարկերից ազատել փոքր եւ ընտանեկան՝ տարեկան մինչեւ 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը, որտեղ աշխատում են մոտ հարազատները  (ամուսին, կին, եղբայրներ, քույրեր, ծնողներ, երեխաներ): Հաստատվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Բացի այդ, նախատեսվում է նաեւ առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող մանր սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: Արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:

Միաժամանակ, հաշիվ-ապրանքագրերին ավելի խստորեն կհետեւեն, բայց դրանց առկայությունը պետությունը կստուգի պարզեցված սխեմայով: Հարկային մարմնին աշխատանքային մեկ օր կտրվի փաստաթղթերի ստուգման համար:  Հաշիվ-ապրանքագրերի բացակայության դեպքում իրավիճակների կարգավորման մի քանի տարբերակ է նշվում:

Մասնավորապես, 2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նախազգուշացումների համակարգ ներդնել, 2016թ.-ից էլ՝ 20 հազ. դրամ տուգանքների:  Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Այս մեխանիզմները միանգամից չեն ներդրվի: նախազգուշացումները 2015-ից, տուգանքները 2016-ից:

Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը. Բիզնեսը կարող է պետությանն իրազեկել, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են հրաժարվում իր հետ փաստաթղթով աշխատելուց: Այդ դեպքում հաշիվ-ապրանքագրի բացակայությունը կներվի: