Թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բենգի Յըլդըզը մեղադրել է թուրքական իշխանություններին մեկ օր առաջ Հաքքարիում եւ Սիլոպում տեղի ունեցած իրադարձությունների համար։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում քուրդ պատգամավորը, քննադատելով թուրքական իշխանությունների վերաբերմունքը քրդերի նկատմամբ, ասել է. «Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելի գործողությունները անվանեց պետական ահաբեկչություն։ Թուրքիան էլ քրդերի նկատմամբ է իրականացնում պետական ահաբեկչություն։ Սիլոպիում քաղաքացիների հանդեպ իրականացրած բարբարոսությունները Իսրայելի գործողություններից ինչո՞վ են տարբերվում։ Պարոն վարչապետը սա ինչպե՞ս կբացատրի»:
Բենգի Յըլդըզը հիշեցրել է նաեւ Հաքքարիում 14-ամյա տղային զրահամեքենայի կողմից վրաերթի ենթարկելու եւ սպանելու փաստը եւ հարցրել. «Պարոն Էրդողան, դուք Իսրայելի նախագահին նախորդ տարի ասացիք, որ նրանք երեխաներ սպանել լավ գիտեն։ Այժ ձեզ եմ հարցնում. 14-ամյա երեխային իսրայելցի զինվորականնե՞րը սպանեցին»:
Նշենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում քրդական բնակչությունը կազմակերպել էր բողոքի ակցիաներ, որի ժամանակ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շրնաքից ընտրված պատգամավոր Սեւահիր Բայընդըրի կոնքոսկրն է կոտրվել։ Իսկ ավելի ուշ Շրնաքում ոստիկանական զրահամեքենան վրաերթի է ենարկել 14-ամյա մի տղայի, ով տեղում մահացել է։

























