Երեւանում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայ-ռուսական փոխգործակցություն եւ տարածաշրջնային խնդիրներ» թեմայով, որին մասնակցել են հայ եւ ռուս փորձագետներ եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացելով միջոցառումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Ռուսաստանը որպես հավատարիմ ընկեր, միշտ կանգնել է Հայաստանի թիկունքին: Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը պետք է այսուհետ եւս օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ համագործակցությունը խորացնելու համար:

Իր հերթին ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը ներկաներին: Նա ընդգծել է, որ հատկապես սերտ են համագործակցում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխող կուսակցությունները, որը պետք է շարունակվի:

ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ ինտենսիվ են զարգանում բոլոր ոլորտներում: Նրա խոսքով, այդ հարաբերություններն առանձնանում են իրենց բարձր մակարդակով, եւ դա կօգնի շարունակել համատեղ ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ունեցող  ոլորտներում:

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Պրոկոֆեւը, ներկայացնելով «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը» զեկույցը, մասնավորապես ասաց, որ Ռուսաստանը հանդիսանում է ամենախոշոր ներդրողը ՀՀ տնտեսությունում, թվարկելով այն բոլոր ձեռնարկությունները, որտեղ ներկա է ռուսական կապիտալը: Նա ընդգծեց, որ Հայաստանը չի կորցրել իր տնտեսական հետաքրքրությունը Ռուսաստանի համար:

Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության մասին ելույթ ունեցավ «Նորավանք» կենտրոնի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը: Նա մասնավորապես անդրադարձավ հայկական ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի շինարարությանը: Սարուխանյանի խոսքով, հայ-թուրքական սահմանը բացելու հեռանկարը մշուշոտ դառնալուց հետո ներդրողների մեծ մասը կորցրեց հետաքրքրությունը այդ էներգաբլոկի շինարարության նկատմամբ, բացի Ռուսաստանից, որի համար այդ ծրագիրը ոչ միայն տնտեսական , այլ նաեւ քաղաքական հետաքրքրություն ունի: Նա նաեւ ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանում պետք է աշխատի ոչ միայն քաղաքական ու տնտեսական ոլորտներում, այլեւ քաղաքացիական սեկտորում, որպեսզի ստեղծի բարենպաստ հասարակական կարծիք հայկական իրականությունում ռուսական գործոնի ազդեցության վերաբերյալ: «Հակառակ դեպքում Ռուսաստանի բոլոր նախագծերը տարբեր հարթություններում կարող են ձախողվել»,- ասաց փորձագետը: