NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Al Jazeera» -ի կայքում հրապարակված Քաթարի համալսարանի պետական քաղաքականության, դիվանագիտության եւ միջազգային քաղաքական տնտեսության թղթակից անդամ, պրոֆեսոր Ռեմի Փիթի հոդվածը:

«Վերջին ամսվա ընթացքում Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան զգացին տարածաշրջանային ինտեգրման շարունակվող միտումների արագացումը: Ձգտելով իշխանությունն ամրապնդել իրենց ազդեցության ներկա ոլորտներում եւ ընդհանուր հարեւանության մեջ ուժեղ դիրքեր գրավել՝ Ռուսաստանն ու Եվրամիությունը մի շարք համաձայնագրեր ստորագրեցին ավանդական կամ նոր դաշնակիցների հետ:

Ռուսաստանը Ղազախստանի եւ Բելառուսի հետ մայիսի 29-ին ստեղծեց Եվրասիական տնտեսական միությունը: Եթե անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բռնակցել է Ղրիմը, տարածաշրջանային ինտեգրման ծրագրի կարեւոր հիմնասյուներից մեկի՝ Ուկրաինայի բացակայությունը զգալիորեն կրճատել է Եվրասիական տնտեսական միության տնտեսական հզորությունը: Հունիսի 27-ին Վրաստանի եւ Մոլդովայի հետ միասին Կիեւի եւ Եվրամիության միջեւ ստորագրված տնտեսական ասոցացման համաձայնագրի ստորագրումը վերջնակետն էր, որն արագացրեց արեւմտյան հարեւանի հանդեպ Ռուսաստանի ինստիտուցիոնալ նկրտումների վախճանը:

Ուկրաինայի կողմից եվրոպական համաձայնագրի ստորագրումը նաեւ զգալի հարված հասցրեց «Ասիոպա»-ի մասին երազանքին («Եվրասիա»-ի ռուսական տարբերակը), որը մշակել է Կրեմլի գաղափարախոսներից Ալեքսանդր Դուգինը: Եվրասիական մայրցամաքում տարածաշրջանային ինտեգրման զարգացման տնտեսական կամ աշխարհաքաղաքական մեկնաբանությունն ամբողջական չէր լինի: Այստեղ խաղաթղթի վրա գաղափարական պայքար է դրված:

Եվրամիության եւ եվրասիական ծրագրի միջեւ գաղափարական խզումը նոր մակարդակի հասավ անցյալ շաբաթ, երբ Ժան-Կլոդ Յունկերը նշանակվեց Եվրահանձնաժողովի նոր նախագահ: Լյուքսեմբուրգի նախկին վարչապետը եղել է դաշնային եւ վերազգային դինամիկայի անհողդողդ կողմնակիցը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծման պահից եվրոպական նախագծի սիրտն է:

Այս կերպ, գտնվելով ամերիկյան ազատականության եւ ռուսական ազգայնականության միջեւ, Եվրամիությունն առավել ամրապնդեց իր անկախ ինտեգրացիոն ծրագիրը: Եվ այդ հենց այն ճանապարհն է, որը, թվում է, Ուկրաինան ընտրել է»: