«Մենք լրջորեն մտահոգված ենք ՀՀ կրթության համակարգում նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով, որոնք, ինչպես ակնկալվում են քննարկումների գործընթացից, ոչ թե նպաստելու են օրենսդրական դաշտի բարելավմանը, այլ՝ ընդհակառակը, վտանգելու են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքային մի շարք կարեւոր դրույթներ (խոսքը, մասնավորապես՝ վերաբերում է Գլխավոր օրենքի 12-րդ հոդվածին)»,- ասված է Արցախի գրողների միության տարածած հայտարարության մեջ:
«Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետական լեզուն հայերենն է, ինչը ենթադրում է, որ պետական բոլոր կառույցներում լեզվաքաղաքական գործառույթները պետք է իրականացվեն բացառապես մայրենի լեզվով: Ցավոք, լեզվի եւ հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերից ակնհայտ է դառնում, որ Ազգային ժողովի հաստատմանն ուղարկված այդ նախագծերը, փաստորեն, հակասում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքին եւ անարգել ճանապարհ են բացում օտարալեզու դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ վտանգելով աշակերտների հայեցի կրթությունն ու դաստիարակությունը:
Մեր համոզմամբ, դպրոցը պետք է լինի ազգային, որի հիմքի վրա կարող են եւ կազմավորվել օտար լեզուների դասավարդման որոշակի չափաբաժիններ, այլապես վերջիններիս գործունեությունը կդառնա անկառավարելի: Ասել է թե՝ կրթությունը դպրոցներում պետք է համահունչ լինի օրենքի տառին եւ իրականացվի միմիայն մայրենի լեզվով, քանի որ հենց դա է հանդիսանում երեխայի հայեցի դաստիարակության, աշխարհայացքի ձեւավորման, անհատի եւ նրա մտածողության կազմավորման առաջին եւ անվիճելի նախապայմանը:
Արցախի գրողները կտրականապես դեմ են ՀՀ խորհրդարանում շրջանառվող նախագծերին: Մենք համոզված ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները թույլ չեն տա, որպեսզի վտանգվի մեր գոյության եւ լինելության հիմքերի հիմքը՝ մայրենին»,- ասված է հայտարարության մեջ:


























