First Travel զբոսաշրջության գործակալությունը որոշել է իր հաճախորդներին այս տարի դեպի Անթալիա ուղեգրեր չվաճառել։ Այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ գործակալության տնօրեն Կարեն Անդրեսյանը։

Նրա խոսքով, իր այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի եւ պայմանավորված է հայ-թուրքական վերջին զարգացումներով։ «Ես վախենում եմ մեր հայրենակիցների անվտանգության համար, որովհետեւ վերջին շրջանում Թուրքիայում հայերի մասին բավական շատ են խոսում: Որքան էլ խոսվի, որ զբոսաշրջային փաթեթներն ապահովում են նրանց անվտանգությունը, միեւնույնն է, մեր հայրենակիցները կարող են դժվարություններ ունենալ, ասենք՝ հենց թուրքական հյուրանոցներում։ Բացի այդ, մենք հույս ունեինք, որ հայ-թուրքական սահմանն այս տարի կբացվեր։ Սակայն մեր սպասումներն այդպես էլ չարդարացան»,- նկատեց First Travel-ի տնօրենը՝ ավելացնելով, որ վաղուց ժամանակն էր, որ ինքը կամ մեկ այլ մարդ, ի վերջո, բոյկոտեր թուրքերին։

«Կոչ եմ անում բոլորին բոյկոտել Անթալիան։ Ինչո՞ւ չպետք է մի զբոսաշրջության գործակալություն աներ այս՝ ճիշտ կամ ոչ այնքան ճիշտ քայլը։ Թող այդ մեկը ես լինեմ»,- ասաց Կարեն Անդրեսյանը։  Նրա խոսքով, իրենց գործակալությունն իր հաճախորդներին այս տարի կառաջարկի հանգստի այլընտրանքային տարբերակներ՝ դեպի Թունիս, Կիպրոս, Բուլղարիա, Քոբուլեթի եւ Բաթում։ «Թող թուրքերը հասկանան, որ մենք էլ կարող ենք ինչ-որ բան անել»,- շեշտեց նա։

Անդրադառնալով դեպի թուրքական հանգստավայրեր ուղեգրերի գներին՝ Անդրեասյանը տեղեկացրեց, որ դրանք զբոսաշրջության գործակալություններին մատակարարող տուր-օպերատորները (TEZ TOUR եւ Բագրատ Տուր) գործում են մոնոպոլային դաշտում, ինչով էլ պայմանավորված են ասենք` Ռուսաստանի համեմատությամբ, առաջարկվող փաթեթների գները: «Պետք է ջարդել զբոսաշրջային շուկայում առկա մոնոպոլ վիճակները»,- ամփոփեց նա։

Նշենք, որ բոլոր այն տեղեկությունները, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց First Travel զբոսաշրջության գործակալության տնօրեն Կարեն Անդրեսյանը, ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի հետ մասնավոր զրույցում, իսկ վերոնշյալ ասուլիսն էլ կազմակերպված էր մեր հետաքննության հետքերով։