Սարգսյանների ընտանիքը Երեւանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 10 հասցեում բնակվում է 1979 թվականից։ 39 ք/մ ընդհանուր տարածքով մեկ սենյականոց բնակարանը խորհրդայի տարիներին ընտանիքին է տրամադրել Կաթնարտադրության եւ առեւտրագնման ձեռնարկությունը, որտեղ եւ աշխատել է ընտանիքի հայրը՝ Մանվել Սարգսյանը։ Բնակարանը Սարգսյաններին տրվել է այնտեղ ժամանակավորապես ապրելու պայմանով. ձեռնարկությունը խոստացել է, որ ընտանիքին հիմնական բնակարանով կապահովի ավելի ուշ։ Սակայն խոստումն այդպես էլ իրականություն չի դարձել, եւ Սարգսյանների ընտանիքը մինչ օրս բնակվում է իրեն տրամադրված մեկ սենյականոց տանը։

1992 թվականին ընտանիքը որոշում է իր 39 ք/մ տարածքով տան դիմաց առանձին սանհանգույց, խոհանոց եւ լոգարան կառուցել, որը սեփականաշնորհելու գործում, սակայն, սկսած 1997 թվականից՝ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում։ Ավելացված 31,7 ք/մ ընդհանուր տարածքը Սարգսյաններին այդպես էլ չի հաջողվում սեփականաշնորհել։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Մանվել Սարգսյանի կինը՝ Վերմիկ Կարապետյանը, «2000 թվականին նրանց «դուռն է թակում» եւ 39 ք/մ տարածքն «իրենով անելու» պահանջ ներկայացնում Կաթնարտադրության եւ առեւտրագնման ձեռնարկության իրավահաջորդ հանդիսացող «ԿաթԿոմպլեկտ» ընկերության նախագահ ոմն Գագիկ Խաչատրյան»։ Սարգսյաններն, իհարկե, հրաժարվում են նրան հանձնել թեպետ չսեփականաշնորհված, սակայն տարիներ շարունակ իրենց կողմից շահագործվող 39 ք/մ տարածքը, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի Գագիկ Խաչատրյանը ընտանիքի դեմ հայց ներկայացնի դատարան։ Հայցը, որ սկզբում հայտնվում է Տնտեսական դատարանում, մերժվում է եւ գնում Վճռաբեկ դատարան։ Երկար քաշքուկներից  հետո հայցը կրկին վերադառնում է Տնտեսական դատարան, որն էլ բավարարում է Գագիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Սարգսյանների ընտանիքի։

Վերջիններս իրենց հերթին մեկ այլ դիմումով՝ անվավեր ճանաչել  Արա Սարգսյան 10 հասցեից իրենց վտարելու որոշումը, մտնում են Վարչական դատարան։

«Մինչ այժմ տեղի ունեցած դատական լսումների ժամանակ, սակայն, դատավորների համակրանքը Գագիկ Խաչատրյանի կողմն է. ես դա զգում եմ, եւ կարող եմ եզրակացնել՝ ինչու»,- ասաց Վերմիկ Կարապետյանը։ Հարցին, թե դատական ատյաններում խոչընդոտներ չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ գործով  զբաղվում է ինքը եւ ոչ թե բնակարանի սեփականատեր հանդիսացող իր ամուսինը՝ Մանվել Սարգսյանը, տիկին Վերմիկը պատասխանեց, որ ամուսինն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող անել դա։ «Բանն այն է, որ Խաչատրյանը երկու տարի առաջ ծեծի է ենթարկել ամուսնուս, ինչից հետո նա առողջական խնդիրներ ունի»,- նշեց Վերմիկ Կարապետյանը՝ հավելելով, որ  «ԿաթԿոմպլեկտ» ընկերության նախագահը պարբերաբար անհանգստացնում է իրենց. մեկ անգամ նույնիսկ կոտրել է իրենց տան ապակիները։ «Մինչ օրս ամենատարբեր ատյանների ենք դիմել՝ Գույքի կառավարման վարչություն, Կադաստրի պետական կոմիտե, սակայն անարդյունք»,- ամփոփեց տիկին Վերմիկը։

Նշենք, որ դատարանը ընտանիքի վտարման ժամկետ նշանակել էր 2010 թվականի հունիսի 9-ը, սակայն ընդունված մեկ այլ որոշմամբ այն հետաձգել է մինչեւ հունիսի 22-ը։