Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական 2-3 անգամ սնվում են լափշայից պատրաստված կերակուրներով, այդ թվում լափշայով պատրաստված ճապոնական ապուրով՝ ռամենով, կարդիոմետաբոլիկ (սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի) ախտանիշի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն:

Հետազոտությունը գլխավորած բժիշկ Շինն ասում է, որ արագ պատրաստման լափշան եւ ռամենը կարող են լուրջ վնաս հասցնել կանանց առողջությանը: Քանի որ ճապոնական ապուր առավել շատ օգտագործում են ասիական երկրների բնակիչները, հետազոտություն անցկացվել է Հարավային Կորեայում, որը արագ պատրաստման լափշայի օգտագործմամբ ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում: Վերջին շրջանում այս երկրում առողջության, մասնավորապես, սրտի հետ կապված հիվանդությունների աճ է նկատվում: Բացի այդ, ավելի շատ տարեց մարդիկ են տառապում ավելորդ քաշից: Հենց այս պատճառով Շինը որոշել է ուսումնասիրել լափշայի օգտագործման եւ առողջական խնդիրների միջեւ կապը, հաղորդում է Mail Online-ը:

Լափշան, ինչպես եւ բազմաթիվ մշակված արտադրանքներ, մեծ քանակությամբ աղ են պարունակում, որի ավելցուկը, ինչպես հայտնի է, կարող է մեծացնել սրտային հիվանդությունների եւ ինսուլտի ռիսկը:

Լափշան պարունակում է նաեւ բիսֆենոլ А անունով քիմիական նյութը, որը խաթարում է հորմոնների, մասնավորապես՝ էսթրոգենի արտադրությունը, հաղորդում է FedPost.ru-ը: