Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները, հուլիսի 1-ին կազմելով 188.7 հազար հա, տարվա ընթացքում ավելացել են 5.7 տոկոսով: Պետությունը՝ ի դեմս կառավարության, խրախուսում է երկրում ցորենի արտադրությունը՝ հիմնականում հացահատիկի բարձրակարգ տեսակներ ներմուծելով:

Հետահայացորեն իրավիճակն այլ է ցորենի դեպքում: Դատելով խորհրդային վիճակագրության տվյալներից, այսպես կոչված, մասնավոր տնտեսությունները  բավական արտադրանք էին տալիս, հատկապես՝ բուսաբուծությունում: Եթե այն ժամանակ տվյալները չեն չափազանցրել, ապա մասնավոր տնտեսություններն ապահովում էին Հայաստանում աճեցվող կարտոֆիլի 60 տոկոսը, մրգերի ու բանջարեղենի՝ շուրջ կեսը եւ այլն:

Սակայն ըստ հացահատիկների, որոնց աճեցումն էապես ավելի մեծ մակերեսով հողատարածք է պահանջում, մասնավոր տնտեսությունների մասնաբաժինը չէր գերազանցում 5 տոկոսը, այն էլ՝ ոչ թե ցորեն, այլ այդ խմբի այլ կուլտուրաներ:

Պատճառները հասկանալի են: ԽՍՀՄ-ում տնամերձ հողատարածքները, որոնք մասնավոր օգտագործման ներքո էին, կազմում էին քառորդից մինչեւ կես հեկտար: Հայաստանում մասնավոր տնտեսությունների մակերեսը շատ ավելի փոքր է:

Ուստի ֆերմերները «մասնավոր» հողատարածքներն օգտագործում էին փոքր տարածքների համար ձեռնտու կուլտուրաների աճեցման համար: Հիմա էլ մեկ տնտեսությանը միջինը մեկից քիչ ավելի հեկտար մակերեսով տարածք է բաժին հասնում: Սակայն շարքային ֆերմերի համար առաջընթացն աննշան է:

Անցյալ տարի երկրում վաճառվել է տեղական հացահատիկի առկա ռեսուրսների մեկ հինգերորդ մասից քիչ ավելին: Ընդգծենք, որ այստեղ ներառված են այլ հացահատիկներ, որոնց վաճառքի ցուցանիշն ավելի բարձր է, քան ցորենինը:

Հայաստանում հացի խոշորածավալ արտադրության համար ներկրվող հացահատիկ է կիրառվում, որն ավանդաբար ներկրվող ապրանքների առաջին տասնյակում է: Օրինակ, անցյալ տարի 345.6 հազար տոննա է ներկրվել՝ 108.8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Ֆերմերները խոստովանում են, որ հացահատիկը վաճառքի համար չեն արտադրում, այլ դրանից ստացված ալյուրով հաց թխելու նպատակով: Նրանց կարծիքով՝ սեփական հացն իրենց համար ավելի ձեռնտու է: Բայց այդ դեպքում հողագործությունից ստացվող շահույթն էլ ավելի է կրճատվում:

Շատ գյուղացիներ ֆինանսական հարցերը լուծում են աշխատանքային միգրացիայով: Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակում մեր հայրենակիցների կողմից երկիրը սահմաններից դուրս գալու բացասական մնացորդը կտրուկ աճել է: Նույն կիսամյակում գյուղատնտեսական նշանակության հողերի առքուվաճառքի 3.494 գործարք է կնքվել, ինչը 535-ով կամ 18.1 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: