14-ամյա հիվանդ պատանին որոշել է օգնել Մանչեսթերի հիվանդանոցներից մեկի իր հասակակիցներին՝ հաղթահարել հիվանդությունները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Manchester Evening News»-ին:

Նա «Xbox»,  «Playstation», «Nintendo DS», «Wii» խաղային սարքավորումներ, ֆիլմեր, գրքեր ու կոմիքսներ է բաժանել:

Տղան կյանքի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում եւ տեղյակ է, թե որքան մեծ նշանակություն ունի նման նվերը հիվանդ երեխաների համար:

Երեք տարեկանում նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Վիրահատությունից հետո երեխայի մոտ թոքերի բարդացումներ են առաջացել, իսկ այժմ հիվանդությունը վերջին փուլում է: Մայրը բազմիցս նշել է, որ տղան 48 ժամից պակաս կյանք ունի ապրելու, բայց ամեն անգամ նա շարունակել է ապրել:

«Երբ մարդիկ հիվանդանոցին իրեր են նվիրաբերում, հաճախ մտածում են փոքր երեխաների մասին: Դեռահասները մնում են ուշադրությունից դուրս: Կարեւոր չէ, թե ինչ վիճակում եք, բայց դուք կարող եք լսել, դիտել եւ ցանկանում եք զվարճանալ»,- պատմել է նրա մայրը:

Նման ծանրոցը, որը հավաքվել է շուրջ 2.000 ֆունտ սթեռլինգի չափով հանգանակության շնորհիվ, արդեն երրորդն է, որ փոխանցվում է հիվանդ երեխաներին:

Վերջերս դեռահասը նշել է իր ու բարեգործական հիմնադրամի ստեղծման տարեդարձերը, որը շուրջ 100 հազար ֆունտ սթեռլինգ հանգանակություն է հավաքել: