Ամերիկյան Օրեգոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սթրեսն ազդում մարդկանց վրա: Նրանք դիտարկել են սթրեսի երկու հիմնական տեսակ. առօրյա գործերի հետեւանքով առաջացած սթրես, օրինակ՝ աշխատանքից կամ ընկերների ու հարազատների հետ վեճերից սթրես, եւ այնպիսի նշանակալի իրադարձությունների հետեւանքով առաջացող սթրես, ինչպիսիք են աշխատանքից ազատումն ու մտերիմ մարդու մահը: Այս մասին գրում է Science World Report-ը:
Սթրեսը դժվարին փորձություն է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար: Մարդու արձագանքը, այլ ոչ թե սթրեսային իրադարձությունների քանակությունն է կանխորոշում, թե որքան լուրջ կարող են լինել հետեւանքները: Ժամանակակից կյանքում, իհարկե, դժվար է լիարժեք խուսափել սթրեսից: Ըստ MedDaily.ru-ի, գիտնականները խորհուրդ են տալիս սովորել դժվարությունները հաղթահարել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:
Մասնագետներն ուսումնասիրել են 1.293 տղամարդկանց տվյալներ: Նրանք որոշել են պարզել, թե ուսումնասիրվողներն ինչպիսի սթրեսային իրավիճակների են բախվել 1989-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում: Տղամարդկանց հետեւել են մինչեւ 2010 թվականը: Այդ ընթացքում ուսումնասիրության մասնակիցների 43%-ը մահացել է:
Մահացած տղամարդկանց մեկ երրորդը հետազոտության սկզբում պատմել է կյանքում տեղի ունեցած նշանակալի սթրեսային իրավիճակների մասին, իսկ կեսը դժգոհել է առօրյա սթրեսից:
Առօրյա սթրեսից բողոքող մասնակիցների շրջանում մահացությունն ամենացածն է եղել՝ 28.7%: Չափավոր սթրեսի ենթարկվածներից կյանքից հեռացել են կեսից քիչ պակաս տղամարդիկ, ինչպես նաեւ ամենօրյա ուժեղ սթրեսի ենթարկվածների 64.3%-ը:




























