Ճապոնիայի արևմտյան շրջաններին վրա հասած «Էտաու» հզոր թայֆունի հետևանքով նվազագույնը 12 մարդ զոհվել է, 10-ը համարվում են անհետ կորած, բացի այդ լրջորեն տուժել են ճապոնական 3 վարչական տարածքներ։

Մինչ «Էտաու» թայֆունը շարունակում է թափ հավաքել, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, տեղատարափ անձրևները Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում մոտ ժամանակներս ավելի կուժգնանան։

Երկրի իշխանությունները ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս ժամանակավորապես հեռանալ իրենց տներից և տեղափոխվել առավել անվտանգ վայրեր։ Ջրասույզ լինելու և սողանքների վտանգի պատճառով դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը մի քանի խոշոր ավտոմայրուղիներով ու երկաթգծերով։

Հիշեցնենք, որ «Մորակոտ» թայֆունի պատճառով Թայվանի հարավային ու կենտրոնական շրջաններում տեղացած եռօրյա տեղատարափ անձրևների հետևանքով գրանցվել էր վերջին 50 տարիների ամենախոշոր ջրհեղեղը։ Ինչի արդյունքում մոտ 10 հազար մարդ կտրվել էր արտաքին աշխարհից, ջուրը սրբել էր ափը, որի հետևանքով փլվել էր վեց հարկանի մի հյուրանոց։ Ըստ նախնական գնահատականների, տարերքն արդեն 26 մլն. դոլարի վնաս է հասցրել։