Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը, վերլուծելով Արցախ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած հունիսյան միջադեպերն ու այն համադրելով մայիսին Զալցբուրգում կայացած «Թուրքիա- ԵՄ» ֆորումի արդյունքների հետ, եկել է հետեւյալ եզրահանգումներին: Նախ Զալցբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիօղլուն պաշտոնապես դիմել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին` խնդրել-հորդորելով «չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին՝ կատարելու Վաշինգտոնում Օբամայի եւ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը` այն է կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված»: Այս հայտարարությունը կրկնվել է Կինիկլիօղլուի կողմից շաբաթներ անց Վաշինգտոնում ելույթի ժամանակ, եւ այն հաստատել է նաեւ Էրդողանը` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանը անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջանի կողմից:
Այնուհետեւ, մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայությունների կողմից ԵՀՄՖ-ին հաղորդվել է, որ կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետեւ կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, եւ վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի:
Այս առնչությամբ ԵՀՄՖ-ն նշում է «Այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ եւ կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից եւ դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ եւ զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ: Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի՝ Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` Սփյուռքին ՀՀ նախագահին հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չէ ողջ աշխարհի հայության ուշադրությունը սեւեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի եւ Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար, հատկապես որ արցախյան խնդրի զարգացման վերջին ամիսների գործընթացը բավականին հաստատում է վերը բերված վերլուծության ճշմարտացիությունը»:




























