Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ:

«Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել են նաեւ «Բեյզ Մեթլս» հանքարդյունաբերական ընկերության Դրմբոնի հանքավայր, որտեղ հետեւել են արտադրական պրոցեսին: Վարչապետը բարձր է գնահատել այդ ոլորտի դերն Արցախի տնտեսության զարգացման գործում՝ կարեւորելով հանքարդյունաբերությունում եւս շվեյցարահայ գործարարի կատարած ներդրումները:

Այնուհետեւ նրանք այցելել են սահմանամերձ Մատաղիս համայնքի վարչական տարածք, որտեղ Վ. Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է Արցախի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ սեւ խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը: Կառուցվող ձկնաբուծարանի  շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:

Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Ա. Հարությունյանն ընդգծել է նաեւ ծրագրի՝ սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շրջակա գյուղերի բարգավաճման համար: Վարչապետի հետ միասին շվեյցարահայ գործարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել առաջիկա ծրագրերը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է Վ. Սերմաքեշի մասնակցությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ,  հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ մլրդ դրամի սահմանը: