Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե եւ բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։
Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա մասնավորապես ներկայացրել է Արցախի ներկայիս վիճակը եւ ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։
Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։
Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաեւ Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում։




























