2015 թվականի պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով»,- նշել է նա:
Վարչապետի խոսքով, պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսի չափով: «Նմանապես, 2015 թվականին եւս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ»,- ասել է վարչապետը:




























