Հայաստանի կառավարությունը փոքր բիզնեսը մենք դիտարկում է որպես զբաղվածության աղբյուր եւ ստեղծելու է պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մեր թիրախը խոշորն է, եւ մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետեւողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ:
Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ:
Հենքային ոլորտների զարգացման տեսակետից կշարունակվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախանշված արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի արդեն իսկ հաստատված ոլորտային ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերի կատարումը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով, մասնավորապես, կշարունակվեն ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ժամագործության ու ադամանդագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտների ծրագրերը, կմեկնարկի սննդի արտադրության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի կատարումը:
Գյուղն իր հոգսերով կմնա կառավարության ուշադրության կենտրոնում: «Իրականացվող քաղաքականությունն ուղղված կլինի նաեւ գյուղական տարածքների համաչափ զարգացմանը եւ ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ վարկերի մատչելիությանը:
Հետեւողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբարենպաստ պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման եւ նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսվարման ձեւերի զարգացման ուղղությամբ»,- ասել է նա:



























