Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքում ամրագրված պայմաններով, հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին անդրադառնալով, որում վերջինս խոսել էր իշխանափոխության պարտադրանքի եւ դրա իրագործման  իրատեսական լինելու մասին, պատգամավորն ընդգծել է. «Ի՞նչ է նշանակում  պարտադրել: Բառը պետք է շատ զգույշ օգտագործել: Իշխանություններին չի կարելի որեւէ բան պարտադրել, քանի որ սա այն իշխանությունը չէ, որի հետ կարելի է պարտադրանքի լեզվով խոսել»: Ավետիսյանը հավելել է, որ երկու տարի անց կսկսվեն ընտրական գործընթացները: «Թող նրանք փոքրիկ գյուղական համայնքներից սկսեն, կարող են ունենալ գյուղական համայնքների ղեկավարներ, քաղաքապետներ եւ այդպիսով փորձել հասնել արդյունքների ընտրությունների միջոցով, այլ ոչ թե խոսել պարտադրանքի լեզվով: Դա անընդունելի է ինչպես մեզ, այնպես էլ քաղաքական դաշտի համար», - նշել է ՀՀԿ-ական  պատգամավորը: