Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հոկտեմբերի 10-ին եւ հոկտեմբերի 24-ին կայացած` խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքներից հետո իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել: Այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը մեկնաբանեց, թե ինչ է փոխվել այս հանրահավաքներից հետո:

«Այս ընթացքում մի քանի խնդիրներ եւ մեսիջներ ստացավ հասարակությունը:

Նախ երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ հասարակության եւ իշխանությունների միջեւ կա խորը անջրպետ: Հանրահավաքները ցույց տվեցին, որ ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարված օրակարգը, գործողությունները, որ մինչեւ այդ արել են, նորմալ եւ ըմբռնումով ընկալվել են հասարակության կողմից: Հասարակությունն ընդունում է այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնել են: Բացի դրանից կարեւոր հարցեր երեւացին: Եռյակը հստակ հայտարարեց եւ դա երեւաց ելույթներում, որ գոնե մի հարցում բոլորը համակարծիք են` իշխանությունը սպառել է իրեն եւ երկրում պետք է լինեն արմատական փոփոխություններ»,- ասաց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով` վերջին հանրահավաքին եռյակի ղեկավարներն էլ կարեւոր մեսիջ փոխանցեցին ժողովրդին, այն է` պայքարը խմբակցությունների մակարդակով վերափոխվում է եւ վերածվում համաժողովրդական շարժման: