Ուկրաինան ոչ մեկին չի պատրաստվում վճարել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ ի պատասխան հարցին՝ Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու համար Ուկրաինան ինչ գին է պատրաստ վճարել:

Դեսպանը հիշեցրեց նախագահ Պորոշենկոյի հայտարարությունը, որ Ուկրաինան ամեն ինչ կանի երկրի տարածքը Բուդապեշտի հուշագրով երաշխավորված շրջանակներում պահելու համար:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծեց, որ Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է իրավահավասար պայմաններում երկխոսություն:

«Աշխարհագրորեն Ուկրաինան եւ Ռուսաստանը հարեւաններ են: Սա բնակարան չէ, որպեսզի այնտեղից տեղափոխվենք եւ բաժանվենք: Ես համոզված եմ, որ երկխոսությունը կշարունակվի եւ որոշակի արդյունքներ ձեռք կբերվեն», - հայտարարեց Իվան Կուխտան: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զարգացումը ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ այլ երկրներին կստիպի Կիեւի հետ երկխոսության մեջ մտնել:

 Ի պատասխան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետեւանքով Ուկրաինայի տնտեսական կորուստների մասին հարցին, դեսպանը նշեց, որ ապրանքաշրջանառության ծավալների կրճատումը իսկապես վատ ազդեցություն է ունեցել: Սակայն դեսպանը համոզվածություն հայտնեց, որ ուկրաինական ապրանքները սպառման նոր շուկաներ կգտնեն: Նրա խոսքով՝ արտահանման մեծացում է արձանագրվել դեպի ԵՄ երկրներ, ասիական շուկա: