ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին որոշումը  ակնկալվող օգուտի թելադրանքն էր: Հոկտեմբերի 29-ին լրագրողներին այս մասին հայտնել  է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով  հարցին, թե արտացոլվել են արդյոք 2015 թ. պետբյուջեի նախագծում ԵՏՄ Հայաստանի անդամակցության սպասվող ռիսկերը:

«Դե յուրե կառավարությունը չի վերլուծում այն իրավական ակտերը, որոնք դեռ ընդունված չեն: Ակնհայտ է, որ երբ Հայաստանը պաշտոնապես միանա ԵՏՄ-ին, հետեւանքները հաշվի կառնվեն նաեւ թղթի վրա: Իսկ եթե դուք հարցնում եք,  թե ուսումնասիրել է արդյոք կառավարությունն այդ գործոնները նախապես, այո, ուսումնասիրել է, եւ ավելի վաղ, քան սկսել է մշակել ԵՏՄ-ին անդամակցելու  ճանապարհային քարտեզը», - ընդգծել է Հարությունյանը:

Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր  հետեւանքների եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ 100% -ով կանխատեսել հնարավոր չէ, սակայն այն դրականը, որը կարող է ստանալ Հայաստանը, հենց դա էլ ընկած է անդամակցության որոշման հիմքում:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ կդառնա 2015 թ. հունվարի 1-ից: