Հայաստանը շարունակում է խորացնել եւ ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները: Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, կարեւոր է ամրապնդել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները, զարգացնել երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ եւ ընդհանրապես Եվրամիության շրջանակում: «Մեր ուշադրության կենտրոնում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան եւ Ասիայի այլ երկրներ, ինչպես նաեւ Կանադան, հայ-թուրքական հարաբերությունները՝ առանց նախապայմանների: Այսինքն՝ մենք պարտավոր ենք աշխատել բոլոր ուղղություններով»,- հավելեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին եւ միություններին Հայաստանի անդամակցությանը, Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ արդեն ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը, եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ ոչ միայն Հայաստանի, այլեւ կազմակերպության անդամ մյուս երկրների խորհրդարանները կվավերացնեն փաստաթուղթը: Արդյունքում, արդեն 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:




























