Սիրիահայերի օգնության հիմնադրամի «Փոքր նվեր իմ դպրոցից քո դպրոցին» ծրագրի շրջանակներում քալիֆորնիական Գլենդել քաղաքում Շամլյանների անվան հայկական դպրոցը հավաքել է ավելի քան 21 հազար դոլար:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, տնօրինությունը, դասավանդող անձնակազմը եւ սովորողները համատեղ աշխատել են, որպեսզի օգնություն ցույց տան Սիրիայի հայկական համայնքին, հատկապես երիտասարդներին, որոնք փորձում են դպրոց գնալ, երբ երկրում քաոսն ու բռնությունն իրենց գագաթնակետում են: Սովորողներն ակտիվ մասնակցել են մի շարք միջոցառումների կազմակերպմանն, այդ թվում նաեւ խմորեղենի եւ պաղպաղակաի վաճառքին, 4-8-րդ դասարանների աշակերտների վազքը գումար հավաքելու համար, եւ 1-3-րդ դասարանների աշակերտների տոնավաճառները:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Սիրիահայերի օգնության հիմնադրամն իր վրա պատասխանատվություն է վերցրել հանգանակություն կազմակերպել Քալիֆորնիա նահանգի հայկական դպրոցներում, որպեսզի օգնեն մասամբ լուծել Սիրիայում հայկակն դպրոցների խնդիրները: «Իմ դպրոցից քո դպրոցին» կարգախոսի ներքո տնօրինությունը, դասավանդողները, ծնողները, մի շարք ուսանողական խմբեր տարբեր միջոցառումներ կկազմակերպեն, որպեսզի Սիրիայի հայկական դպրոցների օգնության համար միջոցներ հավաքեն:




























