Ռումինիայում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, նախագահական ընտրություններ են ընթանում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, փորձագետները նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներ են համարում գործող վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Վիկտոր Պոնտին եւ Ազգային լիբերալ կուսակցության առաջնորդ Կլաուս Յոհանեսին: Վերջինս գերմանախոս փոքրամասնության ներկայացուցիչ է:
Աղբյուրի համաձայն՝ Ռումինիայի գործող նախագահ Տրայան Բասեսկուն իրավունք չունի 3-րդ անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Նրա եւ վարչապետ Պոնտի միջեւ հարաբերությունները լարված են:
Նորընտիր նախագահը ստիպված է լինելու լուծել մեծ թվով կուտակված խնդիրներ, ներառյալ տնտեսական ռեցեսիան եւ իշխանությունների հասցեին անընդհատ հնչող կոռուպցիայի ու անարդյունավետ կառավարման մեղադրանքները:




























