Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը եւ Արտակ Զաքարյանը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի օրենսդիրների միջեւ տարբեր ձեւաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անց է կացրել իր արտագնա հերթական նիստը:




























