Անկախ հետապնդվող նպատակից՝ Երեւանի հասեին Բաքվից հնչած անհիմն քննադատությունը կարող է տպավորիչ լինել միայն Ադրբեջանի բնակիչների համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Լիդինգոթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել որևէ մեկին` Ադրբեջանից դուրս, և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է տպավորել: Նման թեմայով քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից անվանվում է որպես մարդու իրավունքների ճչող, զարհուրելի խախտումների բռնատիրություն, դա իրականում դատարկախոսություն է»,-ասել է Նալբանդյանն ու հավելել. «Կարո՞ղ եք պատկերացնել, որ քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքներ հնչեին. ու՞մ կարող էին դրանք տպավորել»:
Իր հերթին, Դեւիդ Լիդինգթոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի իրավիճակով: Ընդհանուր առմամբ, նախարարն ընդգծեց իրավիճակի նրբությունը, երբ տնտեսական շահերը կարող են վտանգել բարոյական սկզբունքները:





























