Ֆինանսների նախարարության դրոշմակնիքները դեղերի տուփերին չեն կարող դրանց թանկացման հանգեցնել: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ դեղերի շուկայի ընդհանուր ծավալը հանրապետությունում գնահատվում է  110 մլն դոլար, իսկ դեղի մեկ տուփի միջին արժեքը 2 դոլար կամ մոտ 800 դրամ է: Դրոշմակնիքի ինքնարժեքը 5 դրամից ավելի չէ: «20 դրամ եւ ավելի թվեր էին նշվում, բայց մենք ապացույցներով ներկայացրինք, որ խոսքը մաքսիմում 5 դրամի մասին է»,- ասել է Մուրադյանը:

Բացի դրանից, այդ 5-ից  3,5 դրամը բուն կնիքի արժեքն է. որը դուրս է գրվելու բիզնեսի հարկային պարտավորություններից, նշանակում է՝ անհանգստանալու  առիթներն ավելի քիչ են: «Դժվարություն չի առաջանա  նաեւ հենց պահեստներում դրոշմակնքման  ընթացքում. դրա համար անհրաժեշտ սարքավորումները մեծ չեն եւ կզբաղեցնեն պահեստի ընդամենը 1 – 2% տարածք», - հավելել է նախարարը: Ըստ նրա` դրոշմակնքումը չի կիրառվելու արտահանվող դեղորայքի համար:  Դա կլուծի արտահանողների հարցը, որոնք նշում են, որ դրոշմակնքումը հակասում է  GMP դեղագիտական արտադրության միջազգային ձեւաչափերին, որի կորուստը լրջորեն կբարդացնի արտահանումը: