Քուվեյթի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սաբիհն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ առկա երկկողմ փոխգործակցության մակարդակից` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել համապատասխան գերատեսչությունների միջեւ շփումներն ու նպաստել միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը:

Կողմերը կարեւորել են սոցիալական եւ բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաեւ քննարկել Հայաստանի եւ Քուվեյթի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների միջեւ համագործակցության փաստաթղթի ստորագրումը: Ընդգծվել է փոխայցելությունների հաճախակիացման կարեւորությունը: