ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկումը Ազատության հրապարակի հանրահավաքն է հիշեցնում: Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ըստ նրա՝ պատգամավորների անսովոր աշխուժությունն ու կտրուկ պահվածքը այնքան էլ հարիր չէ բյուջեի նման լուրջ փաստաթղթին:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մեծամասնությունը չի ներկայացել մշտական հանձնաժողովներում 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկումների վերջին փուլի օրը, չնայած որ հենց այսօր են կայանալու տնտեսական բլոկի հիմնական գերատեսչությունների նախահաշիվների լսումները: Ոչ իշխանական ուժերից դիտողություններով հանդես են եկել միայն ՀՅԴ-ական պատգամավոր, ֆինանսների հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքոմյանը եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:




























