Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտում ընթացող դատական նիստին հրաժարվել է ցուցմունք տալ՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից:

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, մեղադրող կողմը հրապարակել է Ասկերովի ցուցմունքները, համաձայն որի, ադրբեջանցին ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Ս. Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, որը սակայն պատահականություն է համարել այդ փաստը:

Այնուհետեւ դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որի, Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու եւ վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել էր կեռաս եւ ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումը անհանգստացրել է ծնողներին եւ նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր լինել նա: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին: Սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ նա սպանված է:

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր հայկական դրամ ու Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն, պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ եւ պարագաններ գնելու համար:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաեւ տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները կոտրելով նրա տան կողպեքը, գողացել էին անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաեւ հորթը: Նա նշեց, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դ. Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

Ասկերովը հաստատեց, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, եւ մինչեւ վերարկուն իրեն հանձնելը գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել: