ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առեւտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին եւ մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարեւորությունը թե տեղական արտադրողների եւ թե սպառողների համար:
«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առեւտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:
Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ «Քարֆուր» առեւտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից: Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:
Քրիստիան Դը Նալը նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի եւ տեսականու հարցում:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաեւ խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:




























