«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն, եւ որեւէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տա այն քանդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին,  լրագրողներին ասաց  Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Զվարթնոցի» հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել եւ վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել բուն շենքը»,-ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, ընդգրկված է պատմության դասագրքերում եւ պատմության մի մասը չի կարելի ոչնչացնել:

«Զվարթնոցի» շենքը Հայաստանի եւ Սովետական շրջանի ժամանակակից ճարտարապետության մեջ ուրույն տեղն ունի: Աշխարհում սովորաբար հեշտությամբ չեն քանդում նման նշանակալից շենքերը, ինչպես մեզ մոտ: Եթե շենքը այլեւս չի կարող ծառայել իր նպատակին, ապա պետք է այն օգտագործել այլ նպատակով կամ հենց իր նպատակով, բայց ոչ ծանրաբեռնված, այն կարող է լինել օրինակ ազատ տարածք, բայց պարտադիր պետք է պահել, քանի որ մշակութային առումով կարեւոր նշանակություն ունի»,-ճարտարապետների միության նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընկերության սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: