Մարզահամերգային համալիրը ստիպված էին հանձնել Պաշտպանության նախարարությանը, քանի որ միայն նման կերպ այն  կարող էին պահպանել ոտնձգություններից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողներին ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մարզհամերգային համալիրի տարածքը այնքան մեծ է, շենքը այնպիսի հսկա կառույց է, որ միայն եւ միայն նման գերատեսչության մեջ գտնվելը առայժմ նրան ձեռնպահ կպահի որեւիցե քանդումներից, ոչ ճիշտ քայլերից»,-ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ նման շենքը չի կարող պարապուրդի մատնվել. «Ուղղակի կյանքը պետք է աշխուժանա: Ելնելով օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներից մենք հիմա հայտնվել ենք ոչ այնքան բարենպաստ պայմաններում, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ լավ օրեր գալու են»:

Անդրադառնալով Աֆրիկյանների շենքին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այդ խնդիրն այժմ չկա, քանի որ շենքը չկա:

«Աֆրիկյանների շենքը շատ վտանգավոր վիճակում էր գտնվում, եւ եթե նրան պահելու լինեինք, շատ մեծ ծախսեր կպահանջվեր: Իհարկե, ցանկալի կլիներ, որ շենքը մնար, բայց փողոցը չկոտրտելու համար եւ լայնությունը պահելու համար քանդվեց»,-ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ Աֆրիկյանների շենքը 19-րդ դարի քաղաքային կառույց էր, որի համար չարժեր փողոցը նեղացնել եւ ավելի վտանգավոր պայմաններ  ստեղծել:

Ճարտարապետների միության ախագահի խոսքով՝ Թամանյանական ոճը շարունակվում է աղճատվել մայրաքաղաքում, որի օրինակներն են՝ Բաղրամյան 1 հասցեն, Նկարիչների տունը. «Մեր չինովնիկներն էլ մի սկզբունք են առաջ տանում՝ կառուցված բանը ո՞նց քանդեք, եթե մի քանդողի պատժեինք, էսօր հաստատ չէինք ունենա ներկայիս պատկերը: Ցավոք,  այսօր օրենքներն իրենց համար գոյություն ունեն, կյանքը՝ իր համար»: