Աստրախանի նախկին քաղաքապետ Միխայիլ Ստոլյարովը մեղավոր է ճանաչվել 10 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեջ:  Ստոլյարովը  դատապատվել է 10 տարվա ազատազրկման եւ 500 մլն ռուբլու տուգանքի, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով իրավապահ գերատեսչության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին աստրախանցի ձեռնարկատերը դիմել էր քաղաքապետին՝ խնդրելով 1000 քմ մակերեսով տարածք հատկացնել  դիակիզարանի եւ վարչական շենքի շինարարության համար: Քաղաքապետը համաձայնել էր, սակայն, ըստ ականատեսների,  կաշառք էր պահանջել  եւ  25,1% բաժնեմաս: Գործարարը պաշտոնյայի առաջարկի մասին տեղեկացրել էր ոստիկանությանը: Փողը ստանալիս Ստոլյարովը ձերբակալվել էր  Աստրախանի ռեստորաններից մեկում:

Թերթը հիշեցնում է, որ դատավարությունը մի քանի անգամ ընդհատվել է, քանի որ մեղադրյալը գանգատվել է առողջական վատ վիճակից եւ նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում հայտնվել: