Բրյուսելում նոյեմբերի 4-ին կայացել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առեւտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» հանդիպումը: 

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական պատվիրակությունը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, տարածաշրջանային քաղաքականության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ ակտիվ առեւտրատնտեսական համագործակցության շարունակականության ապահովումը, համագործակցության ոլորտների եւ ուղղությունների հնարավոր ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել ոլորտային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող իրավական նոր ձեւաչափի ձեւավորմանն առնչվող հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ շարունակելու քննարկումներն ու աշխատանքները: