Կանադայի իշխող Պահպանողական կուսակցությունը մտադիր է նոր օրենք ընդունել, որը կարգելի այն ներգաղթյալների մուտքը երկիր, որոնք մի քանի կին ունեն, ինչպես նաեւ նրանց, ովքեր հարկադիր եւ վաղաժամ ամուսնանում են: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի նախարար Քրիս Ալեքսանդերը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, նախարարն ասել է, որ պահպանողականները ցանկանում են դիմակայել հարկադիր եւ վաղ ամուսնություններին, ինչպես նաեւ Կանադայի տարածքում կին-ներգաղթյալներին պաշտպանել սեռական խտրականությունից:

«Մենք չենք հանդուրժի մարդու իրավունքների խախտումներն ու հանցագործության կատարումը, որոնք անցյալում (այդ) մարդիկ փորձել են արդարացնել (իրենց) մշակույթում ավանդույթների առկայությամբ»,- հայտարարել է պաշտոնյան:

Ալեքսանդերը հավելել է, որ նման օրենքի ընդունումն ուղղված է կանադական հողում «բարբարոսական մշակույթի պրակտիկայից» խուսափելուն, որն անհամատեղելի է ազգային արժեքների հետ: