Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am- ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ:
2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ Անի Դավթյանը 2014թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել է 24 շաբաթական հղիություն, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:
2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն: Կատարվել են ռեանիմացիոն միջոցառումներ, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները չեն վերականգնվել և նույն օրը՝ ժամը 22:05-ին, Անի Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով նոյեմբերի 5-ին. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։




























