Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին հանդիպել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի անդամների հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ գործունեության արդիական հարցեր: «Մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում մեր գործընկերների, դաշնակիցների հետ բարեհաջող են զարգանում, մեր նպատակները, խնդիրները որոշված են: Մենք հաջողությամբ աշխատում ենք մեր պետությունների անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի վտանգի ուղղությամբ, ստեղծվել են համապատասխան մեխանիզմները, գործիքները: Ամենը, ինչ մենք անում ենք, ակտիվորեն պաշտպանվում է պետությունների ղեկավարների կողմից»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նա հավելել է, որ հաճելի է Մոսկվայում տեսնել Աֆղանստանի եւ Սերբիայի ներկայացուցիչներին: «Այս կապակցությամբ, իհարկե, չենք կարող նշել, որ այն իրավիճակը, որը զարգանում է Աֆղանստանում, ուշադրություն է գրավում ամբողջ աշխարհում եւ, իհարկե, Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում է: Մենք հաջողություն ենք մաղթում աֆղաններին երկրում իրավիճակի կարգավորման գործում, սակայն հասկանում ենք, որ միջազգային կոնտինգենտի դուրս բերման կապակցությամբ իրավիճակը հեշտ չի լինի: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ են օգնել աֆղան մեր ընկերներին, որպեսզի իրավիճակը երկրում կայուն լինի եւ զարգացման հեռանկարներ ունենա»,- ընդգծել է Ռուսասռանի նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-7-ը Մոսկվայու է գտնվում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հանդիպել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ ղեկավարի, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: