Եվրամիություն Հայաստանը գերազանցապես հումք է արտահանում, իսկ Եվրասիական միության երկրներ՝ պատրաստի արտադրանք: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը՝ խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ լսումների ժամանակ:

2013թ., նշել է նա,  ԵՄ Հայաստանի արտահանման 80%-ը կազմել են հիմնականում մետաղի կոնցենտրատները: Հենց այդ պատճառով էլ չպետք է վախենալ, որ ԵՄ-ն կբարձրացնի պահանջները հայկական ապրանքների նկատմամբ. հումքային ապրանքների նկատմամբ սահմանափակումները էական դեր չեն խաղում: Կարեւոր չէ, թե որտեղից է այն: «Պատկերավոր ասած՝ նավթը նավթ է: Կարեւոր չէ՝ որտեղից է այն: Իսկ, օրինակ,  գինու նկատմամբ արդեն տասնյակ պահանջներ են ներկայացվում», - պարզաբանել է Արամյանը:

Մյուս կողմից, պատրաստի արտադրանքի 91%-ը Հայաստանն արտահանում է ԵՏՄ երկրներ: Հետեւաբար,  այդ շուկային եւ դրա օրենքներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Այդ թվում նաեւ այն պատճառով, որ Հայաստանից Ռուսաստան կոնտեյներներով փոխադրումներն  ավելի էժան են, քան՝ դեպի Արեւմուտք.  ԱՄՆ այդպիսի մեկ կոնտեյների տեղափոխումն այժմ արժե 206 դոլար, Գերմանիա՝ 134, Ռուսաստան՝ 114: