Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ ժամանման ու աշխատանքի տեղավորման որոշ կանոնների դյուրացումը չի հանգեցնի դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների արտագաղթի աճին: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մարդաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը՝ NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, արդյո՞ք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնի արտագաղթի աճին, եւ ինչպե՞ս են դրա վրա ազդում Ռուսաստանի կողմից Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերը:

Ըստ նրա, վերջին երկու տարիներին, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով, այդ երկրում մշտապես Հայաստանի շուրջ կես միլիոն քաղաքացի է բնակվում (չհաշված նրանց, ովքեր արդեն ռուսական քաղաքացիություն են ստացել): «Այդ մակարդակը բավական կայուն է: Կարծում եմ՝ ԵՏՄ-ին անդամակցությունն ու ժամանման եւ աշխատանքի տեղավորման կանոնների որոշ դյուրացումներ չեն հանգեցնի դեպի Ռուսաստան արտագաղթող Հայաստանի քաղաքացիների թվի զգալի աճին»,- ընդգծեց Սերգեյ Աբաշինը:

Նա նաեւ հավելեց, որ ավելի շուտ կարելի է խոսել այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում օրինականացման որոշ նոր հնարավորությունները թույլ չեն տա նվազեցնել այդ ներգաղթյալների թիվը: